3 մայիսի 2011 - 08:35 AMT
Ռազմական հոգեբան. Երբ էթնիկ հանրույթը փառավոր անցյալ չունի, նա յուրացնում է ուրիշների պատմությունը

Երբ էթնիկ հանրույթը չունի սեփական արժեքները, մշակութային ժառանգությունը և փառավոր անցյալը, նա յուրացնում է այլ ժողովուրդների պատմությունը: Դա էթնիկ սուբլիմացիայի հետևանք է: Ահա հենց դա է տեղի ունենում ադրբեջանական հասարակությունում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական հասարակության մեջ, աննորմալ երևույթ է: Մենք ապրում ենք մի երկրի կողքին, որի հասարակությունը տեսականորեն չի պատկերացնում, որ իր կողքին կարող է ապրել այլ ազգ»,- ասել է ռազմական հոգեբանը:

Նրա կարծիքով, հակահայկական քարոզչությունը, որն Ադրբեջանում տարվում է պետական մակարդակով, լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, որը պետք է սթափ գնահատի իրավիճակը: «Մենք դատապարտված ենք ապրել մշտական սպառնալիքի պայմաններում: Ելնելով դրանից` մենք պետք է ուժեղ լինենք»,- ասել է հոգեբանը: Այս իրավիճակում Ջամալյանը ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը սկզբունքային դիրքորոշում զբաղեցնի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: