3 մայիսի 2011 - 09:41 AMT
Իսրայելն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը

Իսրայելը պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ջանքերը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Պինհաս Ավիվին: Նրա խոսքերով, հակամարտության խաղաղ կարգավորումը կարևոր պայման է կովկասյան տարածաշրջանի համար և կօգնի համագործակցությանը, այլ ոչ թե առճակատմանը: «Իսրայելը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը հանդիպումներում և բանակցություններում, որոնք կհանգեցնեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Հակամարտության խաղաղ կարգավորումը շատ կարևոր է և ողջունվում է Իսրայելի կողմից»,- ասել է նա:

Իսրայելցի դիվանագետի պատասխանը հետևել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայիլ Լավոնի հայտարարությանն այն մասին, որ Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին Իսրայելի ԱԳՆ աղբյուրը, դեսպան Լավոնը Բաքվում նման հայտարարությամբ հանդես չի եկել: