3 մայիսի 2011 - 15:07 AMT
Ճարպակալման ռիսկը նվազում է այն մարդկանց մոտ, ովքեր առավոտյան նախաճաշում են, վստահեցնում են մասնագետները

Քսան հայկական դպրոցներում անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ հայ դպրոցականների 5.8%-ը գեր են, իսկ 13%-ն ավելորդ քաշ ունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անի Կարախանյանը: Ընդ որում, նա հաղորդել է, որ Ճարպակալման ռիսկը նվազում է այն մարդկանց մոտ, ովքեր առավոտյան նախաճաշում են: «Գիրացման ռիսկը նվազում է նաև նրանց մոտ, ովքեր ուտում են հաճախ, բայց քիչ»,- ասել է Կարախանյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել, որպեսզի երեխան չտառապի գիրությունից, հայ փորձագետն ասել է, որ երեխան չպետք է չարաշահի շոկոլադի օգտագործումը կամ սնվի ֆաստֆուդով, պետք է ակտիվ կենսակերպ վարի: Կարախանյանը նաև հայ ծնողներին խորհուրդ է տվել թույլ չտալ իրենց երեխաներին երկու ժամից ավելի անցկացնել հեռուստացույցի առջև:

Սակայն մասնագետը նշել է, որ ծնողները պետք է բավական զգույշ վարվեն երեխաների հետ սննդի հարցում: «Երբեմն ծնողների արգելքները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ երեխաների վրա»,- նշել է հայ փորձագետը: