3 մայիսի 2011 - 16:23 AMT
5 տարի է անցել Երևան-Սոչի ինքնաթիռի կործանումից

2006 թ. մայիսի 3-ին Ադլերի օդանավակայանում վթարի ենթարկվեց «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը, որը կատարում էր Երևան-Սոչի չվերթը: Ինքնաթիռում կար 113 մարդ՝ 105 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Նրանք բոլորը զոհվեցին:

Երևանից Սոչի U8 967 չվերթը կատարող ինքնաթիռի թռիչքի ընթացքում ինքնաթիռը Սոչիի օդանավակայանից տեղեկություններ ստացավ եղանակային պայմանների վատթարացման մասին, որից հետո օդաչուները որոշեցին վայրէջք կատարել Թբիլիսիում:

Սակայն, հետո կարգավարները հայտնեցին եղանակային պայմանների բարելավման մասին և ինքնաթիռը շարունակեց թռիչքը դեպի Սոչի: Անձնակազմը փորձելով վայրէջք կատարել վատ եղանակային պայմաններում գնաց երկրորդ շրջադարձի: Վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ ինքնաթիռն անհետացավ ռադարների էկրաններից:

Ինչպես հայտնել է Ավիացոին կոմիտեի միջպետական հանձնաժողովը, երկրորդ շրջադարձի ժամանակ Ա-320-ի օդաչուն կորցրել է կողմնորոշումը, որի պատճառով բարձրություն հավաքելու փոխարեն ինքնաթիռը սկսել է վայրէջք կատարել: Հետաքննությունը ցույց է տվել, որ ինքնաթիռը սարքին էր, շարժիչներն ու համակարգերը նորմալ են աշխատել, վառելիքի քանակը բավարար էր թռիչքը բարեհաջող ավարտելու համար: