4 մայիսի 2011 - 15:40 AMT
Սամվել Կարապետյանը 1.5 մլն դոլար է հատկացրել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային

Մայիսի 4-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Եվրոպայի առաջնության արդյունքները, որտեղ Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճել են 5 մեդալ:

Ֆեդերացիայի խորհրդական Ռազմիկ Ստեփանյանի խոսքերով հայ ըմբիշների ելույթները նորմալ են գնահատվել: «Քանի որ Եվրոպայի առաջնությունն այս տարվա ամենակարևոր մրցաշարը չէր, կարծում ենք, որ մեր հավաքականները լավ արդյունք են ցուցաբերել: Մեր խնդիրն է տվյալ պահին լավ ելույթ ունենալ Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է լինելու»,- ասել է Ստեփանյանը:

Նա նշել է, որ ֆեդերացիայի գլխավոր նպատակն է զարգացնել Հայաստանում այդ մարզաձևը հատկապես երկրի սահմանամերձ մարզերում: Նրա խոսքերով, կարևոր է նաև բարձրացնել մարզիչների և մրցավարների որակավորումը: Նախատեսվում է կառուցել մարզական բազա, որը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին: «2010-ին բյուջեից մեր ֆեդերացիան ստացել է 22 մլն դրամ, իսկ ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հատկացրել է 1.5 մլն դոլար: Արդեն որոշում ենք վայրը, որտեղ կառուցվելու է բազան»:

Ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը նշել է, որ 200-250 մարզիկներ ամեն ամիս, կախված իրենց ձեռքբերումներից, ստանում են դրամական պարգևներ 50-650 հազար դրամի չափով: «Դրամական պարգևներ ստանում են նաև պատանի ըմբիշները, որոնք մրցանակային տեղեր են զբաղեցնում ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ միջազգային մրցաշարերում»,- ասել է Ենոքյանը:

Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո, ըմբշամարտի ֆեդերացիան մտադիր է հայտ ներկայացնել Հայաստանում խոշոր միջազգային մրցաշար` Եվրոպայի և աշխարհի առաջնություն, վարկանիշային մրցաշարեր անցկացնելու համար: