6 մայիսի 2011 - 09:47 AMT
Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի իր առաջին պարտիան ոչ ոքի ավարտեց

Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի բոլոր 4 պարտիաները ոչ ոքի են ավարտվել: Հայ երկրպագուների համար, բնականաբար, ամենակարևոր հանդիպումը Լևոն Արոնյան (Հայաստան)-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան էր, որը տևել է ավելի քան 6 ժամ: Արոնյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով և որոշակի առավելություն ունեցել, բայց ռուս գրոսմայստերին հաջողվել է խուսափել պարտությունից: Շախմատիստները հավաքել են 0.5-ական միավոր:

Հաշտությամբ են բաժանվել նաև Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)- Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան), Շախիրյար Մամեդյարով (Ադրբեջան)- Բորիս Գելֆանդ (Իսրայել), Վեսելին Տոպալով (Բուլղարիա)-Գատա Կամսկի (ԱՄՆ) զույգերը:

Շախմատիստների պատասխան պարտիաները կայանալու են մայիսի 6-ին Կազանի «Կորստոն» հյուրանոցում: 2012-ին մրցաշարի հաղթողը մրցելու է աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ (Հնդկաստան):