6 մայիսի 2011 - 18:17 AMT
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացման մասին համաձայնագրին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քննարկման ներկայացրեց 2011 թ. մարտի 26-ին և 2011 թվականի ապրիլի 4-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թ. հոկտեմբերի 19-ին և 2009 թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ» համաձայնագիրը: Նշվեց, որ նկատի ունենալով Աֆղանստանի վերականգնման գործում Միջազգային անվտանգության ապահովման ուժերի (ՄԱԱՈՒ) իրականացրած առաքելության կարևորությունը և ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումը` անհրաժեշտություն է առաջացել ՄԱԱՈՒ կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ժամկետը երկարաձգել մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման կազմը 45 հոգուց հասցնել առավելագույնը մինչև 130-ի, իսկ հերթափոխների ժամանակ` առավելագույնը մինչև 260-ի:

2010 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» 2007 թ. հոկտեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Արձանագրության նպատակն է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմիններին, հատուկ ծառայություններին հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների արտոնյալ պայմաններով մատակարարումը կատարել ազատ փոխարկելի արժույթով և/կամ Ռուսաստանի Դաշնության ռուբլով:

Համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը: