7 մայիսի 2011 - 13:52 AMT
ՀԱՊ-ում բացվել է «Անձրևի հարս» խորագրով ծիսական տիկնիկների մրցույթ-ցուցահանդեսը

Մայիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Անձրևի հարս» խորագրով ծիսական տիկնիկների մրցույթ-ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են 45 մասնակիցներ, որոնք մինչև ցուցահանդեսի տիկնիկներ պատրաստելը անցել են ազգագրության դասընթացներ: Ցուցահանդեսի կազմակերպիչ Մանան Առաքելյանը ասաց, որ մասնակիցների պակաս չի զգացվել: Ըստ նրա, դիմումների ընդունման վերջնաժամկետը անընդհատ հետաձգվում էր, քանի որ հայտերն ընդունվում էին ամեն օր: «Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հանրությանը ազգային տիկնիկներին, քանի որ նրանք մոռացության են մատնված և կարող են անհետանալ», -ասաց Առաքելյանը:Մրցույթի համար նախատեսված է երեք տեղ, 40.000, 30.000 և 20.000 դրամ մրցանակներով: Հաղթողներին ընտրելու են ազգագրագետ Ժենյա Ավետիսյանն ու նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:

Ցուցահանդեսի մասնակից Նելլի Վարդանյանը, որը ներկայացրել է բատիկա Նուրիի կամ Անձրևի հարսի պատկերով, PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Նման ցուցահանդեսը շատ լավ մտահղացում է, քանի որ սրա շնորհիվ ես ծանոթացա այդ արվեստին և ավանդական խորհրդանիշները ես հետագայում նույնպես կօգտագործեմ իմ աշխատանքներում»:

Հայկական ծիսական տիկնիկները կիրառվել են դեռ հազարամյակներ առաջ, տարբեր ծեսերի համար: Օրինակ` Նուրին կամ Անձրևի հարսը օգտագործվում էր երաշտի ժամանակ անձրև կանչելու համար, Ակլատիզը կամ Պաս պապը, որի ոտքը խրվում էր սոխի գլխին, «հետևում էր» պասի ընթացքին: Կային նաև այլ՝ Խաչաբուռ, Տան ոգի, Հերիուս, Ծաղկամեր տիկնիկներ: