7 մայիսի 2011 - 15:05 AMT
Երևանում տեղի է ունեցել «Նազարե» շարժանկարի պրեմիերան

Հայաստանի ազգային պատկերասրահում` «Անձրևի հարս» խորագրով ծիսական տիկնիկների մրցույթ-ցուցահանդեսի շրջանակներում կայացավ Հայկ Սայադյանի «Նազարե» փորձարարական շարժանկարի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: Այն նկարված է Սայադյանի «Մոզ» հեքիաթաշարի հիման վրա, որտեղ հեղինակը փորձել է ցույց տալ իրականի և անիրականի սահմանը, և պատմում է մարդկանցից մեկուսացած տիկնիկագործի մասին:

«Ֆիլմի մտահղացումը ինձ մոտ առաջացել է վաղուց, և իրականացվեց այս ցուցահանդեսների շրջանակներում», PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սայադյանը: ֆիլմի համար օգտագործվել է շուրջ 200 նկար և ծախսվել է 4 ամիս ժամանակ: Ֆիլմում օգտագործվել է Վաչե Շառաֆյանի երաժշտությունը, որը ռեժիսորին է տրամադրել անձամբ կոմպոզիտորը:

Այն հարցին, թե կմասնակցի ֆիլմը որևէ փառատոնի թե ոչ, հեղինակն ասաց, որ այն նախ պետք է անցնի արտոնագրում, հնարավոր է նաև ֆորմատավորում և դրանից հետո միայն կմասնակցի փառատոնի: Ֆիլմի տևողությունը ներկա վիճակով կազմում է 35 րոպե: