
Հայաստանում զգալի քայլեր են կատարվել 2008թ. մարտի 1-ի հետևանքները վերացնելու համար, սակայն իշխանությունները պետք է ավելին անեն երկխոսության ու վստահության ամրապնդման համար; Այդ մասին ասվում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցում:
Ըստ Համմարբերգի, զենքի կիրառումը մարտի 1-ին անթույլատրելի էր, իսկ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտումն անարդյունավետ: «Հանցագործները դեռ չեն հայտնաբերվել: Հայաստանի իշխանությունները պետք է վճռական միջոցներ ձեռնարկեն, հետաքննություն անցկացնեն ու պատժեն մեղավորներին: 10 զոհերի ընտանիքները պետք է համարժեք փոխհատուցում ստանան և ամբողջական տեղեկություններ հետաքննության ընթացքի մասին»,-ասել է նա: Հանձնակատարը նաև ողջունել է ՀՀ նախագահի հանձնարարականը մարտի 1-ի գործով նոր հետաքննություն սկսելու վերաբերյալ: Համմարբերգը հույս է հայտնել, որ արդյունքում մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն:
Համմարբերգը նշել է, որ ձերբակալվածներից շատերը արդեն ազատ են արձակվել, սակայն մտահոգություն է հայտնել առ այն, որ մի քանիսը դեռ պատիժ են կրում և հորդորել է նրանց ևս ազատ արձակել:
Ողջունելով զրպարտանքի ու վիրավորանքի մասին հոդվածների ապաքրեականացումը՝ Համմարբերգը նաև մտահոգություն է հայտնել, որ ԶԼՄ-ներից պահանջվող փոխհատուցման չափը մեծ է: Նա նաև ասել է, որ հարկավոր է խրախուսել լրագրողական էթիկան ու ԶԼՄ-ների ինքնականոնակարգումը:
«Հավաքների ազատության հետ կապված իրավիճակը Հայաստանում դեռևս մտահոգիչ է»,-ասվում է զեկույցում: «Հարկավոր է անհապաղ դադարեցնել ոտնձգությունները խաղաղ ցույցերի դեմ: Առանցքային է մնում ոստիկանության պահվածքը հավաքների ժամանակ, որը պետք է համապատասխանի մարդու իրավունքների չափանիշներին»,-ասել է Համմարբերգը՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին վերանայել խոսքի ազատության մասին օրենսդրությունը, հայտնում է ԵԽ մամլո ծառայությունը: