10 մայիսի 2011 - 11:06 AMT
Վիկ Դարչինյանն ընդունել է Խորխե Արսեի մարտահրավերը և պատրաստ է ռևանշի

Մեքսիկացի Խորխե Արսեն, որը հաղթել է պուերտոռիկացի Վիլֆրեդո Վասկես-կրտսերին WBO վարկածով առաջին կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, մարտից հետո հայտարարել է հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հետ ռևանշ անցկացնելու ցանկության մասին, որին նա պարտվել է 2009-ին: Դարչինյանն ուրախությամբ ընդունել է մարտահրավերը և հայտարարել, որ նոկաուտի է ենթարկելու Արսեին և դրանով ավարտելու նրա կարիերան:

«Կարծում եմ, որ Խորխեն գժվել է: Նա կարծում է` ես Վասկեսն եմ, որը կանգնելու է նրա դիմաց և ոչինչ չի անելու: Ես պատժելու եմ նրան ավելի ուժեղ, քան առաջին մարտում: Եթե ես կրկին հանդիպեմ նրա հետ, ապա դա չի լինի տեխնիկական նոկաուտ, նա իրեն այնպես է զգալու, ասես իրեն վրաերթի է ենթարկել բեռնատարը»,- Դարչինյանի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: Դարչինյանը խոստովանել է, որ ուրախ է Արսեի մարտահրավերի համար և խոստացել անզուսպ լինել մեքսիկացու դեմ մենամարտում. «Ես ուղղակի ցանկանում եմ նրան մի բան ասել. հեշտ է կանգնել տեսախցիկի դիմաց և սեփական թիմի ներկայությամբ ինձ մարտահրավեր նետել: Բայց մենամարտի ժամանակ ռինգում լինելու ենք միայն ես ու դու, խոստանում եմ քեզ և իմ բոլոր երկրպագուներին, որ պատժելու եմ քեզ` դաժանորեն նոկաուտի ենթարկելով և ավարտելու եմ քո կարիերան»: