10 մայիսի 2011 - 12:19 AMT
Մայիսին Հայաստանում կսկսի գործել երիտասարդական խորհրդարանը

Մայիսին Հայաստանում կսկսի գործել երիտասարդական խորհրդարանը, լրագրողներին է հաղորդել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նրա խոսքերով, երիտասարդական խորհրդարանը կլինի ներկայացուցչական մարմին խորհրդատվական գործառույթներով, որտեղ կլինի 131 պատգամավոր, ինչպես ՀՀ ԱԺ-ում, այն կգործի մինչ ներկա Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Դավթյանը նշել է, որ երիտասարդական խորհրդարանի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին, նպատակն է ծանոթանալ երիտասարդների կարծիքին երիտասարդական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև պատրաստել ապագա պատգամավորների: Նա հայտնել է, որ 131 տեղից 50-ը հատկացվել է պետական և ոչ պետական բուհերին, 39-ը՝ կուսակցություններին, որոնք ներկայացված են ԱԺ-ում, ևս 42 տեղը՝ ինքնաառաջադրվածներին, որոնց միջև ընտրություն կկատարվի: Նա նշել է նաև, որ այդ 42 տեղից յուրաքանչյուրի համար հավակնում է 10 մարդ: Դավթյանը հավելել է, որ երիտասարդական խորհրդարանը կազմված կլինի 12 հանձնաժողովներից, իսկ խոսնակի ֆունկցիան ռոտացիոն հիմքով կկատարեն այդ հանձնաժողովների նախագահները:

Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ երիտասարդական խորհրդարանն ակտիվություն կառաջացնի երիտասարդության շրջանում: Նա նշել է նաև, որ «Բարգավաճ Հայաստանին» տրամադրված 9 տեղերի համար թեկնածուները որոշվել են քվեարկության միջոցով կուսակցության երիտասարդական թևում: