10 մայիսի 2011 - 14:09 AMT
Հայրենական մեծ պատերազմի 4 վետերաններ արժանացան ԱԺ Պատվո մեդալի

Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի համար Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Սուրեն Հովհաննիսյանը, Արտեմ Մանուչարյանը, Հայկ Ավետիսյանը, Վաչագան Մարտիրոսյանն արժանացել են ԱԺ Պատվո մեդալի եւ դրամական պարգեւի:

Մայիսի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ վետերաններին հանձնելով պարգեւները` խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանը նշեց, որ 66 տարի առաջ ավարտված Հայրենական պատերազմին իրենց անուրանալի մասնակցությունը բերեցին հայ զինվորներն ու սպաները` շարքայինից մինչեւ գեներալ ու մարշալ: Նրանք իրենց նշանակալի ավանդն ունեցան հաղթանակը կռելու մեջ, հաղթանակ, որի առթիվ այսօր շնորհավորում եմ բոլորին` Մեծ հայրենականի փառապանծ զինվորից մինչեւ ազատամարտիկ ու հայրենիքի այսօրվա պաշտպան:

"Այսօր, տարիների հեռավորությունից, յուրաքանչյուր մայիսի 9 ձեզ` պատերազմի վետերաններիդ համար շարունակում է նույն արժեքն ունենալ, ինչ տասնյակ տարիներ առաջ էր ` հեռավոր 1945-ին: Այդ հաղթանակը սերունդներ է միացնում, դաստիարակում եւ արժեհամակարգ ձեւավորում: Շնորհակալ ենք ձեր եւ ձեր մարտական ընկերների, զոհված ու կենդանի հերոսների քաջության, սխրանքի, հայրենիքին նվիրվածության համար: 19 տարի է` Շուշիի ազատագրումով մայիսի 9-ը իբրեւ հաղթանակի օր մեզ համար ձեռք է բերել ավելի ծանրակշիռ նշանակություն՝ դառնալով մեր միասնականության, համերաշխության, միմյանց նկատմամբ հանդուժողականության, նորօրյա հաղթանակների խորհրդանշական օր: Հայրենական մեծ պատերազմն ու արցախյան հերոսամարտը հայ զինվորի` իր հայրենիքին նվիրված լինելու փաստացի վկայությունն են: Ժամանակը ցույց է տվել, որ այդ երկու պատերազմների միջեւ ընկած շուրջ կեսդարյա ժամանակահատվածում եւ այսօր էլ հայ զինվորի կամքն ու ոգին անկոտրում են: Նա ստիպված է եղել դա ապացուցել կռվով ու զենքով, բայց մշտապես առաջնորդվելով խաղաղության ձգտումով, ընկածին չխփելու սկզբունքով, առանց սնապարծ ռազմատենչության:

Արցախի ճակատագիրը եւ Հայաստանի սահմանների պաշտպանությունը մեզ համախմբեցին ու միավորեցին, քանզի գերական հայրենիքի շահն էր:Դրա անհրաժեշտությունն այսօր էլ կա: Ի վերջո, մեր միասնականությունը անհրաժեշտ է հենց սահմանին կանգնած զինվորին` անկախ նրա տարիքից ու ծննդավայրից, անհրաժեշտ է որպես նրա թիկունքը պահող անխոցելի վահան",- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Շնորհավորելով վետերաններին ԱԺ Պատվո մեդալին արժանանալու առթիվ` Հովիկ Աբրահամյանը նրանց մաղթեց առողջություն, խաղաղություն, բարեկեցություն եւ երջանկություն: