10 մայիսի 2011 - 14:58 AMT
Հայաստանի ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողեց ` 8.5 տոկոս

2011 թ. մայիսի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5 տոկոս:

2011 թ. ապրիլին արձանագրվել է 0.2 տոկոս գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է 2.6 տոկոսային կետով և կազմել է 8.9 տոկոս:

Խորհուրդն արձանագրեց, որ, չնայած անորոշությունների պահպանմանը, ապրիլի ընթացքում պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում նկատվել է գների կայունացման միտումներ:

Խորհուրդը միակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումների ակնկալվող ազդեցությունը համախառն պահանջարկի վրա առավելապես չեզոք է: Միևնույն ժամանակ, ներկա բնակլիմայական պայմաններում և գյուղատնտեսության ճյուղում իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է այդ ճյուղի առաջարկի ավելացման հաշվին տեղական արտադրության պարենային ապրանքների գնանկումային միտումներ:

Խորհուրդն իրատեսական է համարում, որ վերոնշյալը և տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ձևավորված տոկոսադրույքները կնպաստեն 2011 թ. երկրորդ կեսից գնաճի արագ նվազմանը և կանխատեսվող հորիզոնում 4 տոկոս±1.5 տատանումների թույլատրելի միջակայքում ձևավորմանը, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: