10 մայիսի 2011 - 18:32 AMT
Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի Երիտասարդ գործարարների համահայկական համաժողով

Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին առընթեր Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը զեկուցել է ՀՀ երիտասարդության ազգային զեկույցի մշակման աշխատանքների մասին: Նա նշել է, որ նպատակային երիտասարդական քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից սա հիմնարար փաստաթուղթ է և թույլ կտա գնահատել այդ քաղաքականության արդյունքները:

ՀՀ երիտասարդության ազգային զեկույցի մշակման և հրապարակման աշխատանքները համակարգելու նպատակով վարչապետը որոշել է ստեղծել աշխատանքային խումբ և հանձնարարել աշխատանքային խմբին մեկ ամսվա ընթացքում ներկայացնել այդ աշխատանքների համալիր ծրագիր, ինչպես նաև խորհրդի նիստերում հաշվետվություն ներկայացնել դրանց ընթացքի վերաբերյալ:

Մեկ այլ հարցով զեկուցվել է երիտասարդ գործարարների առաջին համահայկական համաժողովի կազմակերպման աշխատանքների մասին: Համաժողովի կազմակերպման նպատակով հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի համաժողովի կազմակերպման համալիր ծրագիր, ինչպես նաև խորհրդի հետագա նիստերում հաշվետվություն ներկայացնի աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Օրակարգային հարցերի շարքում քննարկվել է նաև առցանց դրամաշնորհային համակարգի կիրառման ընթացքը, ինչպես նաև ներկայացվել են «Երիտասարդ» օն-լայն պարբերականի աշխատանքները: