11 մայիսի 2011 - 14:16 AMT
Հայաստանը բոլոր ջանքերը գործադրում է արտադրանքի որակը բարձրացնելու և եվրոպական շուկա դուրս գալու համար

Հայաստանի որակի վերահսկողության, չափագիտության և ստանդարտների համակարգը գտնվելու է իշխանությունների ուշադրության կենտրոնում, մայիսի 11-ին Երևանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքերով, որակի ապահովման ոլորտն առաջնային է ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացի ճանապարհին և կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության զարգացման, ինչպես նաև հանրապետության արտահանման պոտենցիալն ավելացնելու համար: «Որակի համակարգում բարեփոխումները նաև նախապայման են ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու համար»,- ասել է նախարարը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Հավատարմագրման գործակալության, Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության, Չափագիտության ազգային ինստիտուտի և Ստանդարտների ազգային ինստիտուտի աշխատակազմերի հետ հանդիպման ժամանակ:

Դրա հետ կապված` Տիգրան Դավթյանը հավելել է, որ իշխանությունների ջանքերն ուղղված են որակի համակարգը եվրոպական չափանիշներով միջին մակարդակ բերելուն, ինչը թույլ է տալու ապահովել հայկական արտադրանքի դյուրին ելքը դեպի եվրոպական շուկա:

Ինչպես հաղորդել է նախարարը, երկրի կառավարությունը զգալի բյուջետային և վարկային միջոցներ է ծախսել լաբորատորիաները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար` նպատակ ունենալով բարձրացնել այդ ենթակառուցվածքում ծառայությունների տրամադրման որակը և արդյունավետությունը: