8 փետրվարի 2001 - 16:12 AMT
ԱԼԻԵՎԸ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՆ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
08.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցչի տեղակալ Քեննեթ Մաքլին Հիլլասը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ոգեվորված են հունվարի 26-ին Փարիզում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով եւ մտադիր են հերթական հանդիպումն անցկացնել հայ-ադրբեջանական սահմանում:
Ամերիկացի դիվանագետը այս մասին հայտարարել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Պենսիլվանիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Հիլլասը նշել է, որ նա գոհ է Ալիեվի եւ Քոչարյանի բանակցությունների արդյունքներից եւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կօգտագործեն «հնարավորությունների պատուհանը»: Միաժամանակ, նշել է ամերիկացի դիվանագետը, առանց փոխադարձ զիջումների խաղաղության համաձայնագրին հասնելը հնարավոր չէ: «Խաղաղության համաձայնագիրը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե երկու նախագահները լայն աջակցություն ունենան իրենց երկրնրում», - ասել է Հիլլասը: --0--