12 մայիսի 2011 - 16:19 AMT
Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում

Վերջին շրջանում Հայաստանի ու ԵՄ համագործակցությունն առավել ինտենսիվ է դարձել: Միայն վերջին ամիսներին Հայաստան են այցելել ԵՄ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչը վկայում է Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների ակտիվացման մասին: Այդ մասին, ելույթ ունենալով ԵՊՀ-ում մեկնարկած «Եվրամիության դերը Հարավային Կովկասում. համագործակցությունից դեպի գործընկերություն բարեփոխումների միջոցով՝ մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով սեմինարի ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը:

Ըստ նրա, ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հարցում: Ըստ Լուցենբերգերի, դա տարածաշրջանն առավել կայուն կդարձնի, ինչը կարևոր է Եվրոպայի համար:

Ռաուլ դը Լուցենբերգերը հայտարարել է, որ առաջիկայում նա ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ գոհունակությամբ նշելով, որ այդ տարիների ընթացքում երկխոսությունը Երևանի ու Բրյուսելի միջև առավել ինտենսիվ է դարձել: