12 մայիսի 2011 - 17:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն անակնկալներ են խոստանում կինոյի սիրահարներին

Մայիսի 11-ին Ֆրանսիայում բացվեց Կաննի միջազգային կինոփառատոնը: «Ոսկե արմավենու» համար կպայքարեն մոտ 20 ֆիլմեր: Փառատոնը բացվեց Վուդի Ալենի նոր «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմով: Դերերից մեկը կատարել է Ֆրանսիայի առաջին տիկինը, սակայն Կառլա Բրունին Կանն չի ժամանել:

Կաննի 64-րդ միջազգային կինոփառատոնի ֆավորիտներն են համարվում Լարս ֆոն Տրիերի ու Թերենս Մալիկի «տիեզերական պատմությունները»: Դանիացի «սադրիչ» ֆոն Տրիերը նույն Կաննում աղմուկ հանած «Հակաքրիստոս» ֆիլմից հետո շարունակում է հորրորի հետազոտութունը: Այս անգամ նա դիմել է աղետ-ֆիլմի ժանրին՝ նրա «Մելանխոլիան» մի հարսանիքի պատմություն է, որի մասնակիցներն ու հյուրերը հանկարծ իմանում են աշխարհի մոտալուտ վերջի մասին: Գլխավոր դերը կատարել է Կիրստեն Դանսթը: Ֆոն Տրիերն արդեն խոստացել է, որ հեփի-ենդ չի լինելու,-նրա ֆիլմի անվանումը աղերսվում է խորհրդավոր մոլորակի անվան հետ, որն, ըստ սյուժեի, պետք է բախվի Երկրի հետ և ոչնչացնի այն:

Կազմակերպիչներն արդեն բազմաթիվ անակնկալներ են պատրաստել՝ արտամրցութային ծրագրում կցուցադրվեն նոր «Կարիբյան ծովի ծովահենները» Ջոնի Դեպի դերակատարմամբ՝ Ջեկ-ճնճղուկի դերում, ինչպես նաև Ջոդի Ֆոսթերի «Կուղբը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը կատարում է Մել Գիբսոնը: Կինոփառատոնի ամենասպասված ֆիլմը կարելի է համարել Թերենս Մալիկի «Կենաց ծառը» ֆիլմը Բրեդ Փիթի և Շոն Պենի դերակատարմամբ:

Կաննի 64-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահն է Ռոբերտ դե Նիրոն: Նախկինում ամերիկացի դերասանն արդեն երկու անգամ գլխավորել է Կաննի փառատոնի ժյուրին: Անցյալ տարի փառատոնի ժյուրիի նախագահն էր ամերիկացի ռեժիսոր Թիմ Բերթոնը:

Փառատոնը կավարտվի մայիսի 22-ին:

ՖՈՏՈՇԱՐՔ