13 մայիսի 2011 - 08:42 AMT
Ուլի Վեգներն անհամբերությամբ է սպասում «Super Six»-ի Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ կիսաեզրափակիչ մենամարտին

Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն անհամբերությամբ է սպասում «Super Six» առաջնության շրջանակներում Կարսոնում (ԱՄՆ) մայիսի 14-ին իր սանի մենամարտին Անդրե Ուորդի հետ:

«Կարծում եմ, որ մենամարտն ուշագրավ պայքարով կընթանա: Ես գիտեմ, որ մեզ համար դա շատ դժվար պայքար է լինելու, և հույս ունեմ, որ կհաղթի լավագույնը: Բռնցքամարտիկներն անում են ամեն ինչ, որպեսզի երկրպագուներին լավ մենամարտ ցուցադրեն»,- Վեգների խոսքն է մեջբերում fightnews.com-ը:

Անդրե Ուորդի մենեջեր Ջեյմս Փրինսն ընդգծել է, որ իրենք հարգում են մրցակցին ու նրա ձեռքբերումները բռնցքամարտում, և շաբաթ օրը հոյակապ մենամարտ է սպասվում: «Աբրահամը միջին քաշային կարգում փայլուն էր ելույթ ունենում, բայց իզուր փոխեց իր քաշային կարգը: Ես միայն կարող եմ ողջունել նրան ԱՄՆ-ում»,- զգուշացրել է Փրինսը: