13 մայիսի 2011 - 14:09 AMT
Կիրո Մանոյան. Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, շահ է կորզում արձանագրությունների հետ կապված իրավիճակից

Հայաստանը չպետք է Թուրքիայի պատասխանին սպասի, այլ պետք է նախաձեռնող լինի ու ետ կանչի իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը; Ըստ նրա, այս իրավիճակը շահավետ է Թուրքիայի համար, որն, ի տարբերություն Հայաստանի, շահ է կորզում դրանից՚ Մանոյանը հիշեցրել է ՀՀ նախագահի նախորդ տարվա խոսքերն այն մասին, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը, սակայն «դեռևս ետ չի կանչում իր ստորագրությունը»: Այս «դեռևսը» վաղուց արդեն անցել է»,-ասել է Մանոյանը:

Մանոյանը նշել է նաև, որ արձանագրություններում երկու կետ կա, որոնք որոշ երկրներ մեկնաբանում են այնպես, իչպես Թուրքիան: Ըստ նրա, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Շվեդիան մեկնաբանում են պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին կետը այնպես ինչպես Թուրքիան՝ այսինքն, այն պետք է զբազվի Հայոց ցեղասպանության պատմական փաստի ուսումնասիրությամբ: Բացի այդ, ԱՄՆ-ն, ինչպես Թուրքիան, գտնում է, որ այդ արձանագրություններով Հայաստանը ճանաչում է առկա հայ-թուրքական սահմանը՝ անտեսելով հայկական կողմի, մասնավորապես Սերժ Սարգսյանի հայտարարությունները: Նա հավելել է նաև, որ այդ կետերը թույլ են տալիս Թուրքիային նախապայմաններ առաջադրել Հայաստանին նաև Ղարաբաղի հարցում: