13 մայիսի 2011 - 14:11 AMT
Շահան Քանդահարյան. Սիրիան դժվար թե Թուրքիային թույլ տա միջամտել իր ներքին գործերին

Սիրիայի ու Թուրքիայի հարաբերություններում վերջին ժամանակներս կարելի է որոշ սառնություն նկատել Սիրիայում արձանագրվող իրադարձությունների նկատմամբ պաշտոնական Անկարայի Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Նրա խոսքով, Թուրքիան փորձում է միջամտել Սիրիայի ներքին գործերին, մասնավորապես, թուրքական մամուլը կրկնում է Արևմուտքի կողմից Բաշար Ալ-Ասադին ուղղված մեղադրանքները: «Ճիշտ է, դա խանգարում է ռազմական համագործակցությանը: Սակայն քաղաքական դիմակայությունն արդեն սկսում է դրսևորվել: Երկու երկրների մամուլում քննադատական հոդվածներ են հայտնվում: Իհարկե, սիրիական մամուլն ավելի զուսպ է, բայց և այնպես մեղադրում է Թուրքիային նրանում, որ սիրիական իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական Անկարայի գնահատականները կշռադատված չեն: Ավելին, սիրիական Vatan թերթի կարծիքով, Մերձավոր Արևելքում Թուրքիայի վարքագիծը բխում է նեոօսմանիզմի քաղաքականությունից, որը գերիշխող է դարձել»,- նշել է Քանդահարյանը:

«Ազդակի» խմբագրի կարծիքով, վերը ասվածի ֆոնին Սիրիայում Թուրքիայի դերը փոխվում է, և Անկարան գնալով ավելի շատ է քննադատության ենթարկվելու Դամասկոսի կողմից: