13 մայիսի 2011 - 14:41 AMT
ՌԴ քաղաքացին մտադիր է բարոյական փոխհատուցում պահանջել Վրաստանից ազատազրկման համար

ՌԴ քաղաքացի Ռուբիկ Հովհաննիսյանը մտադիր է բարոյական փոխհատուցում պահանջել Վրաստանից ազատազրկման համար, հայտնում է URA.Ru-ն: Նա անարդար է համարում այն, որ մի քանի տարի առաջ Վրաստանում իրեն դատապարտել են Հարավային Օսեթիա կարճատև այցելության համար:

2009թ. ամռանը Հովհաննիսյանը ձերբակալվել է Վրաստանի ու Հարավային Օսեթիայի սահմանին: Նա մեկնում էր Հայաստան՝ հարազատների մոտ (Ռուսաստանից նա մուտք էր գործել Հարավային Օսեթիա, իսկ այնտեղից մտադիր էր Վրաստանի տարածքով հասնել Հայաստան):

Հովհաննիսյանին մեղադրել են «զավթված տարածքների» մասին օրենքի խախտման մեջ, որի համաձայն մուտքը Աբխազիա և Հարավային Օսեթիա ՌԴ տարածքից արգելված է: Օրենքն ընդունվել է 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո: