13 մայիսի 2011 - 14:47 AMT
Վարչապետ. Արտաքին պարտքի սպասարկման տեսակետից Հայաստանը կարող է ավելի բարվոք դիրքում հայտնվել

2010 թվականին Հայաստանին հաջողվել է էապես բարելավել արտահանման ցուցանիշները, և առևտրի հաշվեկշիռը շուրջ 1.3 տոկոսով բարելավվել է ի հաշիվ նրա, որ արտահանման տեմպերը գերազանցել են ներմուծման աճի տեմպերին: Այդ մասին, ելույթ ունենալով խորհրդարանում 2010 թվականի հանրապետության պետբյուջեի կատարման մասին հաշվետվությամբ, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Սրանք դրական միտումներ են, որոնք մենք պետք է պահպանենք մոտակա երեք տարիների ընթացքում, որպեսզի նաև բյուջեի պակասուրդը նվազի` հասնելով մեր ծրագրային ցուցանիշներին»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով, բյուջեի դեֆիցիտը 7.7 տոկոսային կետից 2010 թվականին էապես նվազել է և կազմել է 5 տոկոս: «Սա նշանակում է, որ արտաքին պարտքի սպասարկման տեսակետից և մակրոտնտեսական ցուցանիշներ ապահովելու տեսակետից մենք հայտնվելու ենք ավելի բարվոք միջավայրում»,- ավելացրել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ 2010 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը 13 %-ով, իսկ ծախսային մասը գերազանցել է 2009 թվականի նույնանուն ցուցանիշը մոտ 3%-ով: