Կոսովոյի բաժանումը սերբական ու ալբանական մասերի Կոսովոյի խնդրի լուծման միակ իրական լուծումն է, գտնում է Սերբիայի փոխվարչապետ, ՆԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը:
«Կարծում եմ, որ միակ իրական լուծումը սերբերին Սերբիայում թողնելն է, իսկ այն մասը, որտեղ ապրում են ալբանացիները, թող անջատվի: Դա կլինի իրական մի մեխանիզմ, որը թույլ կտա արագ լուծել խնդիրը: Այլ տարբերակները ժամանակի վատնում են միայն, մեզ կպահանջվեն տարիներ և տասնամյակներ ծագող փոքր խնդիրները լուծելու համար»,-հայտարարել է Դաչիչը Կոսովոյի Zeri թերթին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Կոսովոյի ալբանական իշխանությունները միակողմանի կարգով անկախություն հռչակեցին Սերբիայից 2008 թ. փետրվարի 17-ին: Սերբերը այդ քայլին կտրականապես դեմ են:
Տվյալ պահի դրությամբ Կոսովոյի 2 մլն բնակչության միայն 5-10 տոկոսն են սերբեր և այլ ժողովրդների ներկայացուցիչներ: Կոսովոյի սերբերը, որպես կանոն, ապրում են մեկուսի՝ անկլավներում: