16 մայիսի 2011 - 13:33 AMT
Երևանցիները համաձայն չեն, որ Հանրապետության հրապարակը համալրվի բարձրահարկ աշտարակով

«Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի կոչ է արվում հրաժարվել ՀՀ կառավարության շենքի թիվ 1 մասնաշենքի ետնամասում աշտարակ կառուցելու մտադրությունից: Ըստ նախաձեռնության, Ալ. Թամանյանի կողմից ի սկզբանե նախատեսված և նախագծած աշտարակի կառուցումը ժամանակավրեպ է և անտեղին, քանի որ այն իրենից ներկայացնում է թամանյանական գաղափարի փոփոխված տարբերակը: Ըստ նախաձեռնության հեղինակների, անթույլատրելի է պետական պաշտոնյաների աշխատասենյակում փակ ու անհասկանալի պայմաններում մշակել Հանրապետության գլխավոր հրապարակում իրականացվող քաղաքաշինական նման խոշորածավալ և կարևոր միջամտություն: Հանրապետության հրապարակի համալիրն այսօր էականորեն տարբերվում է Թամանյանի նախագծած հրապարակից, այդ իսկ պատճառով նախատեսվող աշտարակի կառուցումը կխաթարի հրապարակի առկա համընդհանուր տարածական լուծումը և այլն:

50 մետր բարձրությամբ և շուրջ 30 մետր տրամագծով հսկա տուֆակերտ աշտարակը վեր կխոյանա Հանրապետության հրապարակում շուրջ երկու տարի հետո։

Համաձայն տեղեկատվության, ծրագրվում է շինարարությունը մեծ թափով սկսել արդեն 3 ամսից։ Նախագծի նախահաշվային արժեքը շուրջ 10 միլիոն դոլար է, այդ միջոցները կտրամադրվեն այն ներդրողների կողմից, ովքեր արդարադատության նախարարության այրված շենքի տեղում կառուցելու են վարչական ու բնակելի նոր համալիր։