17 մայիսի 2011 - 13:19 AMT
Տրանսպորտի նախարարի կարծիքով Հայաստանում հնարավոր կլինի ձեռք բերել գնացքի էլեկտրոնային տոմսեր

Մայիսի 17-ին Երևանում երկաթուղային կայարանում Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի, «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովի և Վրացական երկաթուղիների ներկայացուցիչների մասնակցությամբ գործարկվել է միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգը:

«Ավտոմատացված համակարգը լիովին բացառում է անճշտությունները, որոնք մեզ մոտ եղել են անցյալ տարի»,- ասել է ՀԿԵՈւ գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը: Նրա խոսքերով, արագացվելու է տոմսերի վաճառքի գործընթացը և բարձրացվելու է ուղևորների սպասարկման որակը:

Ինչ վերաբերվում է ինտերնետի միջոցով տոմսեր պատվիրելուն, ապա այդ համակարգը գործարկվելու է հունիսի 15-ին Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ առաջին գնացքի գործարկման հետ միասին: Իր հերթին, Մանուկ Վարդանյանը նշել է, որ ՀԿԵՈւ հետ համատեղ աշխատանքն ուղղված է հանրապետության քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: «Համակարգը լիովին փոխում է հարաբերությունները երկաթուղու և ուղևորների միջև»,- ասել է նա և հավելել, որ հաջորդ քայլը պետք է միտված լինի նրան, որպեսզի մարդիկ ձեռք բերեն էլեկտրոնային տոմսեր:

Համակարգը կներդրվի Երևանի, Գյումրու, Վանաձորի և Արմավիրի կայարաններում: Նոր համակարգի ներդրման հետ կապված, տոմսի արժեքի մեջ կներառվեն ապահովագրական վճարները, որոնք կազմում են 200 դրամ Երևան-Բաթումի-Երևան գնացքի համար և 250 դրամ Երևան-Թիֆլիս-Երևան գնացքի համար: Տոմս վերադարձնելու դեպքում ուղևորին ամբողջովին կհատուցվի ապահովագրական վճարը: