17 մայիսի 2011 - 13:29 AMT
Հայ օլիգարխները սկսել են զարդարել իրենց ամառանոցները հնագույն գտածոներո՞վ

2009 թ. Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում` Հայաստանի պատմության թանգարանի ետնամասում, շինարարական աշխատանքներ կատարելիս հայտանաբերվել են ձիթհանի երկու աղացաքարեր: Աղացաքարերը հայտնաբերվել են 2 մետր խորության վրա: Այս մասին PanARMENIAN.Net -իի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյան, որը զբաղվել է աղացաքարերի ուսումնասիրությամբ: Ըստ նրա, աղացաքարերը, ամենայն հավանականությամբ, իրենց տեղում են եղել: Արտեֆակտի հայտնաբերումից հետո ինստիտուտը կապ է հաստատել Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ, որտեղ խոստացել են գտածոն տեղափոխել թանգարան: Սակայն, անհասկանալի պատճառներով արտեֆակտերը չեն տարվել թանգարան և մի քանի օր հետո անհետացել են: Ըստ հնագետի, ահազանգ է կատարվել նաև հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկին, սակայն նրանք պատճառաբանել են, թե խիստ զբաղված են, և նույնիսկ չեն եկել տեսնելու գտածոները: Ազգագրագետի խոսքերով, դրանք գտնվում են մեծահարուստներից մեկի ամառանոցում, բայց թե ում, կոնկրետ ասել չի կարող:

Համաձայն գրավոր աղբյուրների, Երևանում միջին դարերում գործել են մոտ 60 ջրաղաց և ընդամենը մի քանի ձիթհաններ: Համաձայն արխիվների, 1930-ական թթ-ին ձիթհան հայտնաբերվել է ներկայիս Կորյունի փողոցում, սակայն այդ տեղեկություններն աղոտ են և գտածոները ոչ մի տեղ չկան:

Հայկական լեռնաշխարհում կիրառվել է երկու տեսակի ձիթհան: Դրանց արտաքին տեսքը սկսած 10 դ-ից մինչև 20 դ-ի սկիզբը գործնականում չի փոխվել և հետևաբար դրանց թվագրումը բավական դժվար գործ է: Բարձրադիր գոտիների ձիթհանները նախատեսված էին կտավատից ձեթ քամելու համար, իսկ ցածրադիր, դաշտավայրային գոտիների ձիթհանները նախատեսված էին քունջութից ձեթ ստանալու համար: Այդ երկու մթերքներից ձեթ քամելու տեխնոլոգիաները բավական տարբեր են: Հետաքրքրականն այն է, որ Երևանի ձիթհանը կտավատի համար էր նախատեսված, իսկ կտավատ Երևանում քիչ է աճում և քիչ է մշակվել: Սովորական ձիթհանները ունեցել են մոտ 20 մ երկարություն և 15 մ լայնություն և մեծ համալիր են իրենցից ներկայացրել:

"Երևանի կենտրոնում գերադասում են պատմական արտեֆակտներ «չգտնել», իսկ գտածը հայտնվում է օլիգարխների ամառանոցներում" հոդվածի ամբողջական տեքստը: