17 մայիսի 2011 - 14:13 AMT
Բուլղարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահը խոստանում է վերադարձնել թեմին երբեմնի համբավը

Մայիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սոֆիա է ժամանել Բուլղարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը: Օդանավակայանում Հայր Սուրբին դիմավորել են Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սղոյանն իր աշխատակազմով, Բուլղարիայի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը` Թեմական խորհուրդի անդամների ուղեկցությամբ, Սոֆիայի և Պլովդիվի հոգևոր հովիվներ Տ. Գուսան քահանա Հատավյանը և Տ. Գևորգ քահանա Խաչերյանը, Սոֆիայի և Պլովդիվի եկեղեցական հոգաբարձությունների անդամներ «Երեվան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքպաշյանը« «Բարեգործականի ձայն» ամսաթերթի խմբագիր Հռիփսիմե Երնիասյանը և այլ անձինք:

Հայր Սուրբն իր խոսքում Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակվելու առիթով երախտագիտության խոսք է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարձր գնահատանքի և վստահության համար: Նա վստահեցրել է, որ Աստծո կամքով և հավատավոր հայորդիների աջակցությամբ կանի ամեն ինչ, որպեսզի Բուլղարիայի հայոց թեմին վերադարձնի իր պատմական անցյալի փառքը, ինչպես նաև մոտակա ժամանակներում արձանագրվեն նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ: