17 մայիսի 2011 - 14:56 AMT
Ռաուֆ Միրկադիրով. Եթե Բաքուն պատերազմ սկսի Ղարաբաղում, հնարավոր է, որ «գլխին հարված ստանա Ռուսաստանից»

Նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում կփլուզի Հարավային Կովկասում ստեղծված փոխհարաբերությունների ողջ համակարգը: Այդ մասին Երևանում հայտարարել է ադրբեջանական «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: «Տարածաշրջանի երկրները աստիճանաբար ազատվեցին այն վախից, որն առկա էր 2008թ. ի վեր, ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո: Ճիշտ է, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղում, ապա միանգամայն հնարավոր է, որ «գլխին հարված կստանա Ռուսաստանից»,-ասել է Միրկադիրովը:

Նա նաև նշել է, որ ռազմական գործողությունների դեպքում, չի հաջողվի արագ տեղայնացնել հակամարտությունը: «Զորքերը կանգնած են տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը որոշող խողովակից 20-30 կմ հեռավորության վրա: Ինչպես ասել է Միրկադիրովը, Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի դեպքում կփլուզվի հարաբերությունների ողջ համակարգը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան մի կողմ քաշված չի մնա: Ընդ որում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գրեթե չի փոխվի, իսկ նրա ճանաչումը ոչ ոքին շահավետ չէ, ինչպես և ստատուս-կվոյի պահպանումը»,-ասել է բաքվեցի լրագրողը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին հնարավոր պատերազմի մասին՝ Ռաուֆ Միրկադիրովը սկսել է պատմել, թե գոյություն ունեն կարգավորման երկու տարբերակներ՝ դիվանագիտական ու ռազմական: «Եթե Հայաստանը չգնա փոխզիջումների, ապա Բաքուն ստիպված կլինի լուծել ղարաբաղյան խնդիրն ուժով: Ճիշտ է, ոչ մի լավ բան դրանում չկա: Հայաստանն առաջինն է պատերազմ սկսել և Ադրբեջանը պատասխանելու իրավունք ունի»,-հայտարարել է նա: Այն բացատրություններին, որ Բաքուն է առաջինը ագրեսիայի դիմել Լեռնային Ղարաբաղի դեմ, ադրբեջանցի լրագրողը ոչինչ չի պատասխանել՝ հերթական ագամ կրկնելով ադրբեջանական տեսակետը: