18 մայիսի 2011 - 13:22 AMT
Ջազային քոլեջի ուսանողներն ու դասախոսները չեն ցանկանում միավորվել Մշակույթի քոլեջի հետ

Ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջի դասախոսները եւ ուսանողները դեմ են կրթական հաստատության միավորմանը մշակույթի պետական քոլեջի հետ: Քոլեջի դասախոս Անահիտ Մազմանյանը լրագրողներին հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարը հայտարարել է, որ պետք է այդ երկու քոլեջները միավորելով ստեղծել բազային քոլեջ: Ըստ Մազմանյանի, նա այնքան տգետ է, որ չի տարբերում սովորական քոլեջը բազային քոլեջից, քանի որ բազային քոլեջը բուհ-ին կից է լինում:

Նույն քոլեջի դասախոս Լևոն Սահակյանը հավելեց, որ հարցը տնօրիության մեջ չէ, և նրանք պահանջում են, որ քոլեջը մնա այնպիսին, ինչպիսին կար շուրջ 30 տարի և ոչ թե միանա 6-7 տարվա պատմություն ունեցող քոլեջի: «Մեր երկու քոլեջները տարբեր են և միայն մեկ առարկա է ընդհանուր` վոկալը, մյուս առարկաները իրարից խիստ տարբերվում են», ասաց Սահակյանը:

Քոլեջի ուսանողները PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ եթե այդ երկու քոլեջները միավորվեն, ապա իրենք դուրս կգան այդտեղից, քանի որ իրենք ցանկացել են ընդունվել Ջազային քոլեջ և ոչ թե մշակույթի քոլեջ, որը իրենց քոլեջից մեկ հարկ ներքև է գտնվում:

Քոլեջի միավորման մասին որոշումը ՀՀ մշակույթի նախարարը ընդունել է դեռ 2010թ-ի օգոստոսի 5-ին, և քոլեջը պետք է իր գործունեությունն ավարտի 2010-2011թթ-ի ուսումնական տարվա վերջում:

Ջազային եւ էստրադային արվեստի պետական քոլեջն ունի շուրջ 30 տարվա պատմություն: Քոլեջի շրջանավարտներն են Նունե Եսայանը, Գայանե Հովհաննիսյանը, Սյուզան Մարգարյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը և հայ էստրադայի այլ ներկայացուցիչներ: Քոլեջում դասավանդում են Ռուբեն Մաթևոսյանը և Ռոբերտ Ամիրխանյանը: