19 մայիսի 2011 - 11:48 AMT
Կապի ոլորտի մասնագետները հունիսի սկզբին կհավաքվեն Երևանում

Հունիսի 1-ին Երևանում տեղի կունենա Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստը, իսկ հունիսի 2-ին` Կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ-պետությունների Համակարգող խորհրդի 17-րդ նիստը:

Կապի վարչակազմերի ղեկավարների նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային համաժողովներում` ռադիոկապի, փոստային ծառայությունների, արբանյակային կապի զարգացման և էլեկտրակապի բնագավառներում ԿՏՀ-ի վարչակազմերի համատեղ առաջարկությունների և որոշումների քննարկմանը և նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է նաև ԿՏՀ հետագա գործունեության ներքին փաստաթղթերի քննարկում և ընդունում, ինչպես նաև հերթական` ԿՏՀ ձևավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական նիստի փաստաթղթերի նախապատրաստում:

ԿՏՀ առընթեր տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ-պետությունների Համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կքննարկվեն ԱՊՀ անդամ-պետությունների տեղեկատվական հասարակության կառուցմանը և զարգացմանն ուղղված համագործակցության ռազմավարությունը և մինչև 2015թ. Գործողությունների ծրագիրը: Նախատեսվում է նաև քննարկել ԿՏՀ անդամ-պետություններում «էլեկտրոնային կառավարության» ներդրման վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև ուսումնասիրել ԿՏՀ անդամ-պետություններում միասնական թվային ստորագրության ներդրման հնարավորությունները:

Նիստերին նախատեսվում է ԿՏՀ լիիրավ անդամ-պետությունների, դիտորդների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների բարձրաստիճան հյուրերի մասնակցությունը: Նշենք, որ ԿՏՀ անդամ պետություններն են` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսիան, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, իսկ դիտորդի կարգավիճակով հանդես են գալիս Բուլղարիան, Լատվիան, Լիտվիան, Էստոնիան և Սլովենիան, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: