19 մայիսի 2011 - 13:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Րաֆֆի Հովհաննիսյանը բացառել է դաշինքը Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերի հետ

«Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բացառել է դաշինքը Ռոբերտ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերի հետ: Այդ մասին Երևանում կայաված մամլո ասուլիսում հայտարարել է Հովհաննիսյանը՝ հերքելով այն լուրերը, թե վերջերս մի շարք քաղաքական ուժերի գաղտնի հավաք է տեղի ունեցել՝ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր աջակցության հարցի շուրջ: «Ես չեմ հավատում փակ հանդիպումների: Եթե նման մի հանդիպում ես ունենամ, որը հանրային հետաքրքրություն կներկայացնի, ապա ես ինքս կլինեմ այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունների աղբյուրը»,-ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ «Ժառանգության» օրակարգում դեռևս չկա այլ քաղաքական ուժերի հետ դաշինքի հարց՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար: Նա ասել է նաև, որ կուսակցությունը կշարունակի քննարկումներն այլ քաղաքական ուժերի հետ: Հովհաննիսյանը կարևորել է նաև կուսակցության մայիսի 21-ին կայանալիք «քաղաքացիական հավաքը», որի ժամանակ նա ակնկալում է երկրում առկա խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների բաց հանրային քննարկում: «Մայիսի 21-ը կարևոր փուլ է ինձ համար որպես քաղաքացու, քանի որ այդ բանավեճից հետո ինձ համար պարզ կդառնա առկա հանրային մարտահրավերների, հայի առօրյա հարցերի, ինչպես նաև իրավաքաղաքական ու ներքաղաքական հարցերի լուծումը»,-ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ