19 մայիսի 2011 - 15:04 AMT
Հայաստանը ՀԲ-ի հետ քննարկում է խմելու ջրի ոլորտում 15 մլն դոլարի ֆինանսական աջակցության նոր փաթեթը

Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի հետ քննարկում է խմելու ջրի արդիականացման ոլորտում ֆինանսական աջակցության նոր փաթեթը: «Մենք քննարկելու ենք մեր գործընկերների հետ խմելու ջրի արդիականացման ծրագիրը, որի արժեքը նախնական տվյալներով կազմում է 15 մլն դոլար»,- մայիսի 19-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Դրա հետ կապված` նա նշել է, որ այս ոլորտում կա երկու բաղադրիչ. ոռոգման և խմելու ջրի համակարգ, իսկ ՀԲ-ի հետ համագործակցության շրջանակներում երկրի իշխանությունները բանակցություններ են վարում արտոնյալ պայմաններով «էժան» վարկային միջոցներ ներգրավելու ուղղությամբ: Անդրադառնալով ոլորտի խնիդրներին` տարածքային կառավարման նախարարը նշել է, որ դրանք քիչ չեն, քանի որ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը մաշված են և պահանջում են կապիտալ ներդումներ 2010-ի հաշվարկներով 600 մլն դրամի չափով: «Հասկանալով դա` մենք երբեք կանգ չենք առել: Այսօր ՀԲ և ԱԶԲ-ի աջակցությամբ իրագործվում են լուրջ ծրագրեր ոլորտի արդիականացման համար»,- ասել է նա: Բացի դրանից, առկա են ջրօգտագործողների հաշվառման խնդիր, ինչպես նաև ջրի հսկայական կորուստներ:

Այնուամենայնիվ, Գևորգյանի խոսքերով, դրական արդյունքներ են արձանագրվել պետություն-մասնավոր հատված շրջանակներում, որի շնորհիվ ավելացել են ջրամատակարարման ժամերն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Տվյալ պահին քննարկումներ են անցկացվում կառավարող մասնավոր ընկերությունների պայմանագրերում փոփոխություններ մտցնելու համար` նրանց պարտավորությունների կատարումն ապահովելու և համակարգն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: