19 մայիսի 2011 - 15:50 AMT
Հայ ուսանողները Ծաղկաձորում կքննարկեն Հայաստանի տնտեսության «երեկը, այսօրն ու վաղը»

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը մայիսի 20-22-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնի «Հայաստանի տնտեսությունը երեկ, այսօր, վաղը» խորագրով ուսանողական գիտաժողով: Ծրագրի նպատակն է գիտական տնտեսական զեկույցների և քննարկումների միջոցով գնահատել և երիտասարդության աչքերով կանխատեսել մեր երկրի տնտեսության վաղվա օրը` զուգահեռներ տանելով երկրի տնտեսական անցյալի և ներկայի միջև: Գիտաժողովի նպատակներից է նաև աչքի ընկած ուսանողներին ներգրավել տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույցներում, ովքեր իրենց ժամանակակից մոտեցումներով կնպաստեն մեր երկրի զարգացմանը:

Գիտաժողովի ընթացքում կհնչեն ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերին, մասնավորապես գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը, զբոսաշրջությանը, բանկային, ապահովագրական, ֆինանսական համակարգերի ներկային և զարգացման միտումներին, արժեթղթերին, տնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառությանը, մենաշնորհներին և դրանց դեմ պետական մարմինների պայքարին վերաբերող 30 զեկույցներ:

Գիտաժողովը բաղկացած է երեք բաժնից։ Գիտաժողովի զեկույցները նախքան հրապարակային ներկայացումն անցել են գրախոսման փուլ, ինչը կնպաստի զեկույցների բարձր որակին և ներկայացվող նյութի արդիականությանը: Յուրաքանչյուր բաժնում լավագույնը ճանաչված զեկույցի հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և արժեքավոր մրցանակներով:

Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի և ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ հանդիպում-քննարկում` ՀՀ պետական բյուջեի կազմման և կատարման մասին քննարկման ակնկալիքով: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, ՀՀ Աժ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի հետ, հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը: