19 մայիսի 2011 - 16:14 AMT
Զեև Էլկին. Ժամանակն է դադարեցնել Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Քնեսեթի կոալիցիայի նախագահ Զեև Էլկինը հանդես է եկել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Ելույթ ունենալով Քնեսեթի ամբիոնից, նա հայտարարել է, որ հրեաների պետությունը, որը նվիրումով է վերաբերվում Աղետի զոհերի հիշատակին և հարգալից վերաբերմունք է պահանջում մյուս երկրներից, բարոյական իրավունք չունի անտեսելու հայ ժողովրդի ողբերգությունը: «Իսրայելը, որը ողջ աշխարհից պահանջում է ճանաչել պատմական արդարությունն ու պահպանել բարոյականության նորմերը, չի կարող ինքը հակառակ գործել այդ կոչերին՝ ղեկավարվելով միայն նեղ քաղաքական նկատառումներով: Ժամանակն է դադարեցնել Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելը առաջիններից մեկը պետք է դա աներ»,-հայտարարել է նա, գրում է IzRus պորտալը:

Նախօրեին Քնեսեթում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հարցը կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողով փոխանցելու մասին քվեարկությունը, որը գլխավորում է Ալեքս Միլլերը: 20 հոգի «կողմ» է քվեարկել, «դեմ» քվեարկող չի եղել: Հարցը բարձրացրել է պատգամավոր Զախավա Գալիոնը «Մերեց» կուսակցությունից, որը մարտին փոխարինեց Քնեսեթում Հայաստանի գլխավոր «լոբբիստ« Հաիմ Օրոնին, հայտնում է IzRus-ը: