19 մայիսի 2011 - 16:42 AMT
Երևանը հյուրընկալել էր «Սամկուրա» միջազգային համաժողովի մասնակիցներին

Մայիսի 12-19-ը Հայաստանում տեղի ունեցավ «Սամկուրա» (երեքնուկ) միջազգային համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Պորտուգալիայի Իռլանդիայի, Վրաստանի, Կանադայի, Ֆինլանդիայի,Շոտլանդիայի, Շվեդիայի 17 մասնակիցներ: Այս ծրագրի շրջանակներում վերը նշված երկրների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում և սեմինարներ: Ֆորումի մասնակիցները եղել են Շուշիում, որտեղ ծանոթացել են տեղի մշակույթի հետ, ինչպես նաև շրջել են տեսարժան վայրերով:

«Իմ կարծիքով շատ կարևոր էր, որպեսզի մասնակիցներն այցելեն Շուշի, քանի որ նրանց պետք էր ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում վախենալու բան չկա, անկախ նրանից, որ չճանաչված հանրապետություն է», լրագրողներին ասաց ֆորումի կազմակերպիչ, Իռլանդիայի «Կլո» կերպարվեստի և մեդիա կենտրոնի տնօրեն Իէն Ջոյսը: Բացի դրանից, մասնակիցները եղել են Գյումրիում, որտեղ ծանոթացել են արվեստի «Բիենալե» փառատոնի անցկացման վայրերի հետ և համագործակցելու առաջարկություն ստացել:

«Սամկուրան» իրենից ներկայացնում է Միջեվրոպական մշակութային փոխանակման ծրագիր, որը կայանում է «ընդլայնված Եվրոպայի» աշխարհաքաղաքական սահմաններում, որին անդամակցում են Իռլանդիան, Հունաստանը, Պորտուգալիան և Վրաստանը: Մյուս մասնակիցները այս տարի հատուկ հյուրի կարգավիճակով էին: Այն ստեղծում է պայմաններ ժամանակակից միջմշակութային հաղորդակցության լեզվի` արվեստի ընկալման համար:

Դա երկու տարվա ծրագիր է, որի շրջանակներում նշված անդամ երկրներում կայանալու են փորձի փոխանակման ծրագրեր: Ընդհանուր նախագիծը շահել է «Կրթության, աուդիո-վիզուալ և մշակութային կատարողական գործակալություն» (EACEA) Եվրոպական հիմնադրամի դրամաշնորհը՝ նախագիծը 2011-2012թթ. ընթացքում իրականացնելու համար: Ավարտական ֆորումի ցուցահանդեսը կայանալու է 2012թ.-ի աշնանը և նախատեսվում է հանդիսավոր կերպով փակել Հայաստանում: «Սամկուրայի» հայաստանյան ներկայացուցիչն «Ակոս» մշակութային ՀԿ-ն է, որի ղեկավարն է Մկրտիչ Տոնոյանը: