19 մայիսի 2011 - 17:23 AMT
Հայ գիտնականը ՀՀ գիտության ոլորտը համեմատել է մեռած աստղի փայլի հետ

Հայաստանը գիտության ոլորտում մինչ օրս օգտագործում է քսանամյա ներուժը, որը գալիս է դեռևս խորհրդային ժամանակներից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգա-նոոսֆերային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: Նրա խոսքով, գիտության ոլորտը, որը նախկինում փայլում էր, այսօր մեռած աստղի փայլի է նման: Հայ փորձագետի կարծիքով, այս ոլորտում նորագույն տեխնոլոգիա է անհրաժեշտ: Նա նկատել է նաև, որ մարդկային ռեսուրսի պակաս կա: «Այսօր երիտասարդության ներկայացուցիչները նպատակաուղղված ցանկանում են լքել երկիրը, քանի որ Հայաստանում երիտասարդ գիտնականների համար համապատասխան պայմաններ չկան»,- նկատել է նա:

Հայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանն իր հերթին ասել է, որ այսօր գիտության ոլորտում իրադրությունը փոխվել է, և թելադրում է տեխնոլոգիան: Ընդ որում` նա ընդգծել է, որ ինչպես հասարակությունը, այնպես էլ իշխանությունները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը գիտության նկատմամբ: