ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում

ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում բացվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, նիստում արծարծված կարևորագույն հարցերից էր Ազատ առևտրի գոտու պայմանագրի նախագիծը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի ավարտին լրագրողներին տեղեկացրել է, որ բոլոր երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կառավարությունների տեսակետները, իսկ փաստաթուղթը հիմնականում ընդունվել է որպես հիմք: Նշվել է, որ դրա գաղափարախոսությունն ընդունելի է բոլոր կառավարությունների համար, բայց տեխնիկական մակարդակով պետք է քննարկվեն մաքսային տուրքերի, մաքսային վճարների սահմանափակումների խնդիրները: Տիգրան Սարգսյանի խոսքով` որոշում է կայացվել, որ փաստաթուղթը հիմք ընդունելով` փոխվարչապետերի մակարդակով կլինի ևս մեկ հանդիպում, որպեսզի բոլոր խնդիրներին, վիճահարույց հարցերին լուծումներ գտնվեն: «Հայաստանն այս պահի դրությամբ որևէ վիճահարույց հարց չունի այդ փաստաթղթի հետ կապված, և մենք պատրաստ էինք այն ստորագրել նույնիսկ այսօր, բայց քանի որ փաստաթուղթը պետք է ընդունվի կոնսենսուսով, մի խումբ երկրներ առաջարկեցին, որ լրացուցիչ քննարկվի և հաջորդ` հոկտեմբերյան հանդիպմանը, որ տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում, ստորագրվի վերջնական տեքստով»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Գնահատելով Բելառուս կատարած պաշտոնական այցի արդյունքները` Հայաստանի վարչապետը կարևորել է ունեցած հանդիպումները, մասնավորապես Հայաստանում բելառուսական գյուղտեխնիկայի արտադրման և բելառուսական ավտոբուսների ներկրման հետ կապված, ինչպես նաև Բելառուսից զբոսաշրջիկներ Հայաստան բերելու վերաբերյալ:

Մինսկում այսօր գումարվել է նաև Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 30-րդ նիստը: Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---