Մայիսի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում ունեցավ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ:
Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին իր բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի եւ նրա ղեկավարների մեծ ներդրումն ու դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում:
Կոնգրեսականը ներկայացրեց հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշեց, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է եւ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման: Ֆրենկ Փալոնի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի հետ քննարկեց երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, որի հետ քննարկեց առաջիկայում ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելությանն առնչվող հարցեր, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: