24 մայիսի 2011 - 14:49 AMT
«Ֆրեշ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ «աննորմալ կիվիների» համար

Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց օրենքի հնարավոր խախտման առնչությամբ վարույթ հարուցել «Ֆրեշ» ընկերության նկատմամբ:

Վերոնշյալ ընկերությանը պատկանող «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում պարբերաբար կազմակերպվում են ակցիաներ, որոնց շրջանակում որոշ ապրանքատեսակներ վաճառվում են որոշակի զեղչված գնով: Նման կերպ, մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում թողարկվել և հաճախորդներին են տրամադրվել գովազդային թերթիկներ` զեղչված ապրանքների մասին տեղեկատվությամբ: Այդ թերթիկներում նշված է, որ 3 հատ կիվին միասին վաճառվում է 375 դրամով, մինչդեռ, երբ հաճախորդը մայիսի 10-ին սուպերմարկետից գնել է 3 հատ կիվի, դրա դիմաց գանձվել է 510 դրամ:

Խնդրի մասին հրապարակվել է «Իրավունք» թերթում՝ «Աննորմալ կիվիներ Ֆրեշից» հոդվածում, որտեղ նշված է նաև, որ բացի կիվիից, այս սուպերմարկետում սպառողին թյուրիմացության մեջ են գցում նաև ակցիայի շրջանակում վաճառվող մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնց գները միշտ չէ որ համապատասխանում են գովազդում նշված արժեքին:

Վարույթի ընթացքում Հանձնաժողովը ուսումնասիություններ կիրականացնի այս սուպերմարկետում` պարզելու, թե որքանով են ապրանքների վաճառքի գները համապատասխանում գովազդում նշվող պայմաններին, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: