24 մայիսի 2011 - 14:51 AMT
Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գրանցված է 108 կարուսել

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գրանցված է 108 կարուսել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը: Ըստ նրա, դրանցից 71-ը գտնվում է Երևանում, 19-ը՝ Գյումրիում, 6-ը՝ Վանաձորում և 6-ը՝ Կապանում: Նա նշել է, որ անցյալ տարի Հայաստանի ողջ տարածքում գրանցված էր ընդամենը 49 կարուսել:

Անդրադառնալով ատրակցիոնների անվտանգության խնդրին՝ Պետրոսյանն ասել է, որ ՀՀ «Տեխնիկական անվտանգության պետական կանոնակարգման մասին» օրենքի հիման վրա, յուրաքանչյուր օբյեկտ անպայման պետք է գոնե տարին մեկ անգամ ենթարկվի տեխնիկական զննության: Ըստ նրա, միայն փորձաքննության դրական եզրակացության դեպքում օբյեկտը հնարավորություն կունենա շարունակելու աշխատանքը: «Հակառակ դեպքում, եթե կարուսելը չի համապատասխանում անվտանգության նորմերին, նրա աշխատանքը կասեցվում է»,-ասել է նա՝ հավելելով, որ տեխնիկական փորձաքննության արժեքը 9 000-104 000 դրամ է: Ընդ որում, նա նշել է, որ եթե տնտեսվարող սուբյեկտը, որը պատասխանատու է տեխնիկական անվտանգության համար, չի կատարում օրենքի պահանջները, տուգանվում է: «Անցյալ տարի 154 մլն դրամով տուգանվել է 54 կազմակերպություն»,-ասել է նա:--

Աշոտ Պետրոսյանը հայտնել է նաև, որ 2011թ. տեխնիկական փորձաքննության են ենթարկվել 42-ը, 23-ի ստուգումն ընթացքի մեջ է, իսկ 43 դեռ պիտի ենթարկվեն տեխզննության: