25 մայիսի 2011 - 12:44 AMT
«Մոկոնաթ» ընկերության դեմ գործ է հարուցվել սուրճի շուկայում կատարած չարաշահումների համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ: Մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ: Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1 տոկոս:

Վերոնշյալի հիման վրա, այսօր՝ մայիսի 25-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշվեց վարույթ հարուցել «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը տնտեսվարողից կպահանջի բացատրություններ՝ հայտնաբերված օրենսդրական խախտումների առնչությամբ: Վարույթի արդյունքները սահմանված ժամկետում կներկայացվեն հանրությանը:

Տեղեկացնենք նաև, որ «Մոկոնաթ» ընկերությունը խոշոր մասաբաժիններ ունի նաև «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ» ապրանքային շուկաներում: