
Մայիսի 24-ին WikiLeaks կայքը գաղտնի դիվանագիտական հեռագիր է հրապարակել Ստամբուլի փոխնահանգապետ Ֆիքրեթ Քասափօղլուի հետ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի հանդիպման մասին, որը կայացել է 2007 թվականի մարտի 15-ին: Հանդիպմանը խոսքը գնացել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման մասին: «Բրայզան Քասափօղլուին վստահեցրել է, որ վարչակազմը ջանքեր է գործադրում, որպեսզի բանաձևը չընդունվի պալատում: «ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը կայանում է նրանում, որ թուրք-հայկական պատմության հարցերը պետք է լուծվեն քաղաքացիական հասարակության կողմից»,- ասել է Բրայզան: Քասափօղլուն նշել է, որ բանաձևի չընդունվելը պետք է հիմնված լինի չորս կետերի վրա: «Ստամբուլը միշտ հանդուրժողական քաղաք է եղել Օսմանյան կայսրության օրոք: Չնայած ներկայիս քաղաքական լարվածությանը Թուրքիայի և Հայաստանի միջև, ավելի քան 40 հազար աշխատանքային միգրանտներ Հայաստանից ապօրինաբար բնակվում են Թուրքիայում»,- ասել է նա զրույցում: Ինչպես գրում է Asbarez թերթը, թուրքական կառավարությունը մշտապես խոսում է 70 հազար միգրանտների մասին:
Ստամբուլի փոխնահանգապետը նշել է նաև համընդհանուր ափսոսանքը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ և ընդգծել, որ թուրքերը երիտասարդ ազգ են, որը դժվարությամբ է հասկանում, թե ինչ է կատարվել Առաջին աշխարհամարտի տարիներին, ուստի Ցեղասպանության հարցի քաղաքականացումը միայն ատելություն է առաջացնում:
«Փոխնահանգապետը համաձայնել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն ուլտրա-ազգայնականության պայթյուն կառաջացնի` ուղղված Թուրքիայի հայ համայնքի դեմ»,- ասվում է հեռագրում: