26 մայիսի 2011 - 11:31 AMT
Գառնիին շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մելինե Մերկուրի մրցանակը

Մայիսի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 թ. Մելինե Մերկուրի հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը:

Այս անգամ այս պատվավոր մրցանակը կիսեցին հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը:

Պաշտոնական արարողության ժամանակ «պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին մրցանակը հանձնեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ` դեսպան Թեոդորե Պասսասը:

Մրցանակի հանձնման արարողության ընթացքում հրավիրյալներին ներկայացվեց նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ տեսաֆիլմը:

Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էին ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արագելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը:

Մելինե Մերկուրի միջազգայինի մրցանակը շնորհվում է այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային բնապատկերի պահպանման եւ կառավարման բնագավառում, հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: