26 մայիսի 2011 - 13:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վերջին ճգնաժամից Հայաստանը դուրս է եկել նվազագույն սոցիալական հետևանքներով, հայտարարել է նախագահը

Չնայած արտաքին բացասական խթաններին, աշխարհաքաղաքական դրությանը, սահմանների փակ լինելուն, սոցիալ-տնտեսական և կառուցվածքային խնդիրներին, Հայաստանի տնտեսությունն իր զարգացման տեմպերով իրական հնարավորություն ունի գտնվել աշխարհի առաջատար երկրների թվում: Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի չորրորդ համագումարում:

«Վերջին ճգնաժամից մենք դուրս ենք եկել նվազագույն սոցիալական հետևանքներով: Այսօր արդեն կան նոր մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել, վերականգնել կորցրածը և լուծել կոնկրետ խնդիր` ավելացնել զարգացման տեմպերը»,- ասել է նա:

Դրա հետ կապված`ՀՀ նախագահը հիշեցրել է այն նախաձեռնությունները, որոնք Հայաստանի կառավարությունն առաջադրել է երկրում գործարար միջավայրի բարելավման համար: Մասնավորապես, նրա խոսքերով, կատարվել են հարկային և մաքսային վարչարարության բարելավման աշխատանքներ, լուծվել է գերավճարների հետ կապված խնդիրը, երկարացվել են ՀՆԱ վճարումները նոր սարքավորումներ ներկրելու դեպքում, հայտարարվել է նոր նորարարական ընկերությունների համար եկամտահարկից ազատելու պատրաստակամության մասին: «Այդ նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ կառավարությունն ակտիվացրել է ձեռնարկատիրությանն աջակցելու ծրագիրը»,- ասել է նա:

ՖՈՏՈՇԱՐՔ