27 մայիսի 2011 - 11:24 AMT
Արամ Կարապետյանը լուրջ առաջխաղացում չի ակնկալում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեջ

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը մոտ ապագայում լուրջ առաջխաղացում չի տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մեջ: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում` մեկնաբանելով մայիսի 26-ին Դովիլում ընդունված հայտարարությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Նրա խոսքերով, առաջխաղացմանը խանգարում են կողմերի` միմյանց հակասող դիրքորոշումները, և, նրա կարծիքով, հունիսին համանախագահ երկրները փորձելու են ընդամենը մոտեցնել այդ դիրքորոշումները: Որպես դրական պահ նա նշել է Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների պարտադիր կատարման մասին հայտարարությունը, ինչպես նաև կոչերը, որոնց նպատակն է զսպել Ադրբեջանի ռազմական հռետորությունը:

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը լիովին համաձայնվել է Արամ Կարապետյանի հետ, նշելով, որ այսօր միջազգային հանրությունը հանդես է գալիս այն երկրների դեմ, որոնք քաղաքականություն են վարում` ելնելով ուժի դիրքերից:

Մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ քաղաքում ընդունվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի ավանդական հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Բացի հռչակագրային կոչերից և հայտարարություններից, գերտերությունների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից համառորեն պահանջել են «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Որոշ հաղորդագրությունների համաձայն, հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը` բնականաբար Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ: Հակառակ դեպքում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները պատրաստ են կասկածներ հայտնել «պայմանավորվածությունների ձեռքբերմանը կողմերի հավատարմության» հարցում, ինչն այդքան էլ հեռու չէ իրականությունից` հաշվի առնելով ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով լուծելու` Ադրբեջանի հաստատուն դժկամությունը:

Բացի դրանից, Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը, չհնչեցնելով կոնկրետ հասցեատիրոջ անունը, արձագանքել են Ադրբեջանի մշտական սադրանքներին և Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու` նույնքան մշտական սպառնալիքներին: Նախագահները կողմերին «համառորեն խորհուրդ են տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», որն այդքան ցանկալի է ադրբեջանական իշխանությունների համար, որոնց համար հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է նույն այդ իշխանության կորստին հանգեցնել: