27 մայիսի 2011 - 13:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանյան «Ռոմեո և Ջուլիետը» կտեղափոխի հանդիսատեսին ժամանակակից Երևան

Մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց բեմադրիչ Ռուդոլֆ Խառատյանը, այն հիմնովին կառուցված է դասական բալետի հենքի վրա, սակայն ամբողջովին հիշեցնելու է ժամանակակից Երևանը, որի փողոցները լի են երիտասարդներով և պետք է փոխանցի արդիականի զգացողությունը, չնայած, որ դեպքերը տեղի են ունենում 16-րդ դարում: Այն առավել մոտ է Ֆրանկո Ձեֆիրելլիի համանուն ֆիլմին: Ներկայացումը լինելու է 3 գործողությամբ և 12 պատկերով:

«Երաժշտությունը շատ բարդ է իր կառուցվածքով և ամեն մի կերպարի անհրաժեշտ եղավ անհատական մոտեցում: Ես այդ բալետում դրել եմ ժամանակի պահանջները», նշեց Խառատյանը: ՀՀ մշակույթր նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին շեշտեց, որ «Ռոմեո և Ջուլիետ» բալետը առաջինն է, որին մասնակցում են բացառապես հայրենական կադրեր և չկան դրսից հրավիրված մասնագետներ:

Խառատյանը նաև ավելացրեց, որ ընտրությունը կանգ է առել հենց այս ստեղծագործության վրա, քանի որ այն քաջածանոթ է հայ հանդիսատեսին, իսկ Պրոկոֆևի գրած երաժշտությունը լավագույն կերպով է արտացոլում դրամատիզմը:

Դիզայներ Աստղիկ Ստեփանյանը դեկորացիաների և հագուստների էսքիզների վրա աշխատել է շուրջ երեք ամիս: Բեմադրության ժամանակ օգտագործվելու է 5-6 դեկորացիա: Պարողների համար կարվել է 40-ից ավելի տեսակի 105 հագուստ: Դեկորացիաներն ու հագուստները կլինեն 16-րդ դարի տարրերով, բայց ժամանակակից լուծումներով: Երաժշտության կատարումը վստահվել է Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին, դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ