27 մայիսի 2011 - 13:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կարեն Բեքարյան. Դովիլի հայտարարություն` ղարաբաղյան կարգավորման ժամանակը սպառվում է

Նախօրեին Դովիլում G8 գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ընդունված հայտարարությունը տարբերվում է երեք նախագահների կողմից ավելի վաղ ընդունված հայտարարություններից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրում» ՀԿ-ի ղեկավար, փորձագետ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերով, հայտարարությունում նախագահները կոչ են արել կողմերին ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ կատարվող աշխատանքները, այսինքն հասկացնել են տվել, որ կարգավորման ժամանակը մոտենում է ավարտին:

Բացի դրանից, փորձագետը կարծում է , որ հայտարարությունում նկատվում է հակամարտության կողմերի վրա ճնշում գործադրելու որոշակի ֆոն` եթե կողմերը չհանգեն համաձայնության, համանախագահ երկրներն այլ միջոցներ կձեռնարկեն: «Հայտարարությունում ավելի հստակ է ամրագրվել ուժ չկիրառելու հարցը: Այստեղ մենք հասկանում ենք, որ խոսքը գնում է բացառապես Ադրբեջանի մասին, քանի որ Հայաստանը երբեք հանդես չի եղել ռազմատենչ հայտարարություններով»,- նշել է հայ փորձագետը:

Բեքարյանի խոսքերով, հայտարարությունն ուղղված է նրան, որպեսզի Ադրբեջանը հասարակությանը պատրաստի խնդրի լուծմանը և խաղաղության հաստատմանը: Մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ քաղաքում ընդունվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի ավանդական հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Բացի հռչակագրային կոչերից և հայտարարություններից, գերտերությունների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից համառորեն պահանջել են «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Որոշ հաղորդագրությունների համաձայն, հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը` բնականաբար Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ: Հակառակ դեպքում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները պատրաստ են կասկածներ հայտնել «պայմանավորվածությունների ձեռքբերմանը կողմերի հավատարմության» հարցում, ինչն այդքան էլ հեռու չէ իրականությունից` հաշվի առնելով ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով լուծելու` Ադրբեջանի հաստատուն դժկամությունը:

Բացի դրանից, Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը, չհնչեցնելով կոնկրետ հասցեատիրոջ անունը, արձագանքել են Ադրբեջանի մշտական սադրանքներին և Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու` նույնքան մշտական սպառնալիքներին: Նախագահները կողմերին «համառորեն խորհուրդ են տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», որն այդքան ցանկալի է ադրբեջանական իշխանությունների համար, որոնց համար հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է նույն այդ իշխանության կորստին հանգեցնել:

ՖՈՏՈՇԱՐՔ