28 մայիսի 2011 - 13:42 AMT
Հարություն Խաչատրյանին պաշտոնապես հանձնվեց Քիշի կինոփառատոնի մրցանակը

Մայիսի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը, որը Քիշի (Իրան) առաջին միջազգային կինոփառատոնին հաղթել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի ցուցադրությունից առաջ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կցորդը Խաչատրյանին պաշտոնապես հանձնեց մրցանակը, նշելով, որ չնայած ֆիլմը առաջին անգամ է մրցանակ ստանում, բայց հույս է հայտնել, որ այն կարժանանա բազում մրցանակների:

«Պոետի վերադարձը» պատմում է աշուղ Ջիվանու արձանի մասին, որը Երևանից տարվում է աշուղի հայրենիք` Ջավախքի Կարծախ գյուղ, սակայն տեղ չի հասնում, որովհետև աշուղի համագյուղացիները պատրաստ չէին ընդունել այն: Ֆիլմը առաջին անգամ արժանացել է մրցանակի, չնայած 5 տարիների ընթացքում ավելի քան 30 անգամ ներկայացվել էր բազմաթիվ կինոփառատոնների և մրցույթների: Ինչպես լրագրողներին հայտնել է ֆիլմի ռեժիսորը, Քիշի փառատոնում հաղթանակած ֆիլմը ժյուրիի մոտ միանգամից մեծ տպավորություն չի թողնում, այլ մի քանի օր հետո նոր մտածելու տեղիք է տալիս: Մրցանակը երկկենցաղ մարդու կերպարանքով արձանիկ է, ով իր ձեռքում պահում է ժապավենը: Այն հանդիսանում է Քիշ կղզու խորհրդանիշը:

Քիշի առաջին միջազգային կինոփառատոնն Իրանում անց է կացվել ապրիլի 24-28-ը: Ազատ առևտրի գոտում կազմակերպվող փառատոնը նպատակ ունի վերականգնելու իրանական կինոյի և փառատոնների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվել էին վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում` Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական կինոյի անվանակարգերում: